«Արդյոք մենք ի վիճակի ենք փոխել այդ փաստաթուղթը, արդյոք հնարավոր են փոփոխություններ։ Եվ եթե այո, արդյոք այս իշխանությունը եթե մնա դա կանի։ Հիմա ես ձեզ կասեմ փաստեր, որոնք ահասարսուռ են։ Ես պատասխանատվություն եմ կրում ասածիս համար։ Եվ այս փաստերի հիմնական նպատակն այն է, որ ցույց տանք, որ եղել է մտածված դավաճանություն»,- Ազատության հրապարակում ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Ըստ նրա՝ Արցախի մասին փաստաթղթում որոշ կետեր պետք է փոխել, որոնք ընդհանրապես վտանգ են մեր կենսագոյությանը։ «Այս պայմաններում այն մնացած մոտ 3000 քառակուսի մետրի կենսունակությունը պահպանելը դառնում է մեծագույն պրոբլեմ»։ Նա հարցադրում արեց՝ ինչո՞ւ Հայաստանը պատրաստ չէր պատերազմին։ Ըստ Բագրատյանի՝ «սորոսականները, Նիկոլի գլխավորությամբ գալով իշխանության, փորձել են ապացուցել, որ իրենք կստեղծեն քաղաքական օժանդակությամբ այլ կոալիցիա»։
«Արևմուտքն իր դեմքը ցույց տվեց այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դեմ քվեարկեցին այն որոշմանը, որով պետք է պատերազմը կանգնեցվեր։ Երեկ արդեն հրապարակվել են նյութեր, Էկոնոմիստն է հրապարակել, ըստ որի՝ այդ ամբողջ օպերացիան կազմակերպված է եղել Բրիտանիայի արտաքին գործերի հետախուզության պետի կողմից, որը պրինց Չարլզի ընկերն է։ Մի լավագույն ընկեր էլ պրինց Չարլզը Հայաստանում ունի։ Այսինքն՝ այս պրոցեսները սկսվել են դեռ 2018-ին՝ Արմեն Սարգսյանի գալով։ Գունավոր հեղափոխության ծիծեռնակը նա է եղել, հիմա Նիկոլը եկել շարունակել է։ Այդ քաղաքական սխալների հետևանքով մենք սկսեցինք աստիճանաբար վարկաբեկել ու վիրավորել ՌԴ-ին։ Փորձը ցույց տվեց, որ ոչ ոք այս ընթացքում մեր թիկունքին չկանգնեց, և եթե Ռուսաստանի Դաշնությունը ռազմամթերք չտար, պատերազմը 7 օրից կանգնելու էր լիակատար պարտությամբ»,- ասաց Բագրատյանը։
Նա անդրադարձավ նաև ռազմատեխնիկական սխալներին՝ նշելով, որ դեռևս 2016-ի ապրիլյան պատերազմից հետո են իրենք ասել, որ հակառակորդն ունի զենքեր, որոնք 5-րդ սերնդի զենքեր են, որոնց դեմ Հայաստանը չգիտես ինչու միջոցներ չունի։ «2020-ի հունվարին 140 մլն դոլարով գնվում է 4 ՍՈւ 30 ինքնաթիռ, էս ինքնաթիռներն ինչի՞ համար ես առել, մենք ո՞ւմ վրա ենք գրոհելու։ Մեր վրա են գրոհելու, գալու են դրոններով, ինչո՞ւ չես պաշտպանվում։ Օպերատիվ ռազմական իրավիճակը ճակատում այնպիսին էր, որ լավ իմանալով դրոնների հանգամանքը՝ մենք պետք է փոխեինք խրամատների կոնստրուկցիան, և զինվորը խորը դիրք ընդուներ խրամատներում։ Դա չի արվում, դրա ամբողջական պատասխանատվությունը կրում են Գլխավոր շտաբի վերջին երկու ներկայացուցիչները՝ Արտակ Դավթյանը և Օնիկ Գասպարյանը։ Մենք ունեինք ստրատեգիական միջոցներ, հակառակորդը գիտեր, որ ունենք այն, ինչ հակառակորդը չունի։ Մենք ունենք ընդհուպ միջուկային միջոցներ։ Ոչինչ չի արվում։ Պատերազմի ընթացքում մենք հանկարծ խփում ենք Գյանջա քաղաքին, փոխանակ խփենք նավթամուղներին ու գազամուղին։ Սա դիտմամբ էր արվում»,- հայտարարեց Բագրատյանը։ Նա նշեց, որ զինծառայողների 82 տոկոսը բեկորներից են մահացել, նրանց մեծ մասը հակառակորդ չեն տեսել, նրանց վրա մարդիկ չեն կրակել, անօդաչու թռչող սարքերն են հարվածել։ «Պաշտպանության նախարարն ասում է՝ մեր դեմ կար հինգերորդ սերնդի զենք։ Տղա ջան, բա էս ընթացքում ինչո՞ւ էիր տասնյակ, հարյուրավոր միլիոնների ԱԿԱ-ՕՍԱ առնում, որը հին զենք է, որի արդյունավետությունը 20-40 տոկոս է։ Մեր զինվորը, օդից պաշտպանված չլինելով, ինչ քաջություն պետք է կարողանա դրսևորել»,- նշեց Բագրատյանը։
Նա ասաց, որ ստորագրված փաստաթղթի հետ ինչ-որ բան դեռ կարելի է անել, բայց դա չի անի Նիկոլ Փաշինյանը, նա ընկերացել է Էրդողանի և Ալիևի հետ։ «Նախ և առաջ մենք ինադ չպետք է ընկնենք ռուսների հետ։ Լինելով ռազմավարական դաշնակից՝ այնուամենայնիվ Ռուսաստանը չի պատրաստվում մեր տեղը կռվել, պատերազմի մեջ մտնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ»,- նշեց նա։
Հրանտ Բագրատյանը նշեց՝ ստորագրված փաստաթղթում մենք կարող ենք որոշ կետեր չկատարել նույն Քարվաճառի մասով։ Եթե արագ փոփոխություններ չանենք, ըստ նրա, դժվարանալու է մեր կյանքը։